ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական տվյալների համապատասխան՝ այժմ աշխարհում հարկադրաբար տեղահանված անձանց թիվը 2015 թվականի տարեվերջի դրությամբ կազմել է մոտավորապես 65 միլիոն։

 

Հայաստանի Հանրապետությունում գտնվող փախստականների, ապաստան հայցողների հիմնական մասը Սիրիայից, Իրաքից, Իրանից, Աֆրիկյան պետություններից  (Կոտ դ’Իվուար, Մալի, Կոնգո), Ուկրաինայից են։ Արցախում տեղի ունեցած ապրիլյան պատերազմից հետո մեծ էր նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից տեղահանված մեր հայրենակիցների քանակը (2000-ից ավելի անձ)։

 

Փախստականները եւ ապսատան հայցողները համարվում են առավել խոցելի եւ իրենց իրավունքների պաշտպանության տեսանկյունից առավել ուշադրություն պահանջող, քանի որ, որպես կանոն, նրանք համապարփակ տեղեկացված չեն իրենց կարգավիճակից բխող իրավունքների մասին։ Մեկ այլ խնդիր է նրանց ինտեգրումը տվյալ երկրի հասարակությանը, որտեղ նրանք հարկադրաբար տեղափոխվել են։ Դեպքեր են լինում, երբ նրանք, թողնելով ամբողջ ունեցվածքն իրենց հայրենի երկրում, սոցիալական ծանր իրավիճակում են հայտնվում հյուրընկալող երկրում։

 

Այդ հանգամանքներով է պայմանավորված տարբեր պետությունների եւ միջազգային կառույցների կողմից փախստականների, ապաստան հայցողների եւ հարկադրաբար տեղահանված այլ անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունն երաշխավորող իրավական ակտերի ընդունումը։

«Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ փախստական է համարվում օտարերկրացին, ով ռասայական, կրոնական, ազգային, սոցիալական որոշակի խմբի պատկանելության կամ քաղաքական հայացքների համար հետապնդման ենթարկվելու հիմնավոր երկյուղի հետեւանքով գտնվում է իր քաղաքացիության երկրից դուրս եւ չի կարող կամ նույն երկյուղի պատճառով չի ցանկանում օգտվել իր քաղաքացիության երկրի պաշտպանությունից, կամ նա, ով, չունենալով քաղաքացիություն եւ գտնվելով իր նախկին մշտական բնակության երկրից դուրս, չի կարող կամ այդ նույն երկյուղի պատճառով չի ցանկանում վերադառնալ այնտեղ: Նույն մասի 2-րդ կետի համաձայն՝ փախստական է համարվում նաեւ այն օտարերկրյա քաղաքացին, ով ստիպված է լքել իր քաղաքացիության երկիրը, իսկ քաղաքացիություն չունեցող անձը՝ իր նախկին մշտական բնակության երկիրը` համատարած բռնության, արտաքին հարձակման, ներքին հակամարտությունների, մարդու իրավունքների զանգվածային խախտումների կամ հասարակական կարգը խախտող այլ լուրջ իրադարձությունների պատճառով:

 

Միավորված ազգերի կազմակերպության 1951 թվականի Փախստականների կարգավիճակի վերաբերյալ կոնվենցիան համարվում է փախստականների իրավունքների պաշտպանության հիմնական միջազգային փաստաթուղթը։ Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել, այնուհետեւ ուժի մեջ է մտել 1993 թվականի հոկտեմբերի 4-ից։

 

ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված անձի հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունն առնչվում է ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, այլ յուրաքանչյուր անձի, այդ թվում` փախստականներին եւ ապաստան հայցողներին։ Այդպիսի իրավունքներից են կյանքի, անձնական ազատության, մտքի, խղճի, կարծիք արտահայտելու եւ այլ հիմնարար իրավունքներ։

 

Հայաստանի Հանրապետությունում ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտը «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքն է, որն ընդունվել է 2008 թվականի նոյեմբերի 27-ին։ Այս օրենքով սահմանվում են փախստականի ճանաչման, ապաստանի տրամադրման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ այդ անձանց իրավունքներն ու պարտականությունները։

 

Համաձայն Սահմանադրության 52-րդ հոդվածի՝ «Յուրաքանչյուր ոք ունի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից Սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված իր իրավունքների եւ ազատությունների խախտման դեպքում Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու իրավունք»: Այս սահմանադրական դրույթից բխում է, որ յուրաքանչյուր ոք անկախ նրանից նա ՀՀ քաղաքացի է, թե այլ երկրի քաղաքացի կամ առհասարակ, քաղաքացիություն չունեցող անձ, իրավունք ունի դիմել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին իր իրավունքների եւ ազատությունների խախտման դեպքում աջակցություն ստանալու նպատակով։ Այս անձանց շրջանակի մեջ են մտնում նաեւ փախստականները, ապաստան հայցող անձինք եւ իրենց հայրենիքից հարկադրաբար տեղափոխված անձինք։