Իրավաբանական գիտությունների թեկնածու Երեւանի պետական համալսարանի դոցենտ եւ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Անդրեասյանը ծնվել է 1977 թվականին:

1994-2002թթ. Կ. Անդրեասյանը սովորել եւ մասնագիտացել է մի շարք հաստատություններում, այդ թվում` Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում եւ նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում, ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Բերկլիի Համալսարանում, Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի Համալսարանում, Մարդու իրավունքների կանադական կենտրոնում, Նիդերլանդների եվրոպական լրագրության կենտրոնում:

1997-2000թթ. աշխատել է ՀՀ պետական մի շարք մարմիններում` Երեւանի քաղաքապետարանում, ՀՀ պաշտպանության նախարարությունում, առաջին ատյանի դատարանում, ինչպես նաեւ դասավանդել է մարդու իրավունքներ եւ վարչական իրավունք թիվ 120 միջնակարգ դպրոցում եւ ՀՀ Ոստիկանության ակադեմիայում:

2001-2007թթ. դասավանդել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:

2001-2003թթ. համատեղությամբ աշխատել է մի շարք հասարակական կազմակերպություններում, այդ թվում` ՀՀ իրավաբանների միության անվճար իրավական օգնության կենտրոնում /որպես տնօրեն/, «Քաղաքացիական կրթության ծրագիր» միջազգային կազմակերպությունում /որպես ծրագրի համակարգող/, «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունում /որպես իրավաբան/: Նշված ժամանակաշրջանում նաեւ դասավանդել է մարդու իրավունքներ Աբխազիայում, Հարավային Օսիայում եւ Ղարաբաղում անցկացված լրագրողների համար նախատեսված սեմինարներին:

2003թ. աշխատել է Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի Սոցիոլոգիական եւ իրավական հետազոտությունների կենտրոնում` որպես ավագ գիտաշխատող:

2003-2004թթ. որպես միջազգային փորձագետ եւ խորհրդատու` աշխատել է Մեծ Բրիտանիայում գտնվող «Հոդված 19» միջազգային կազմակերպությունում, Հունգարիայում տեղակայված «Բաց Հասարակության իրավական նախաձեռնություն» միջազգային կազմակերպությունում, Բուլղարիայի «Տեղեկատվության մատչելիություն» կազմակերպությունում:

2005-2008թթ. աշխատել է Ամերիկյան իրավաբանների ընկերակցությունում` որպես իրավաբան, հետո գլխավոր իրավաբան, այնուհետեւ փոխտնօրեն:

2006-2007թթ. աշխատել է որպես ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական:

2008-2011 թթ. աշխատել է որպես «ԴԻՖԵՆՍ» իրավաբանական ընկերության տնօրեն:

2007-2010 թվականներին իրականացրել է մի շարք հեռուստատեսային եւ հասարակական նախագծեր, այդ թվում` Եվրոպական լրագրության կենտրոնի հետ համատեղ կազմակերպել է տեղեկատվական իրավունքի եւ հետաքննական լրագրության բուհական մրցույթ լրագրող եւ իրավաբան ուսանողների համար, վարել է «Երկրի թեմա» հաղորդաշարը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում, «Իրականում» հաղորդաշարը` «Արմենիա» հեռուստաընկերությունում:

 

Կարեն Անդրեասյանը շուրջ քսան հրապարակված գիտական հոդվածների, ուսումնական ձեռնարկների եւ այլ աշխատությունների հեղինակ է: