Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացվել է 39 ահազանգ ժամը 18։00-ի դրությամբ

Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացվել է 39 ահազանգ ժամը 18։00-ի դրությամբ

Սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ավագանու ընտրության օրը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ժամը 18։00-ի դրությամբ ստացվել է 39 ահազանգ։

 

Աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգերից 12-ը վերաբերել է Երևանում 6 ամսից պակաս հաշվառում ունենալուն և ընտրություններին մասնակցելու հնարավորություն չունենալուն, 11 ահազանգը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար ընտրատեղամասերի անմատչելիությանը։

 

Ահազանգներ են ստացվել նաև նույնականացման քարտով ընտրելու հնարավորության, իրազեկման թերթիկ չստանալու և այլնի վերաբերյալ:

 

Բոլոր դեպքերով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը քաղաքացիներին տրամադրել է խորհրդատվություն։

 

Բացի դրանից, աշխատակազմի թեժ գծին այսօր առավոտյան ստացված հեռախոսազանգի միջոցով քաղաքացին տեղեկություն է տրամադրել այն մասին, որ ընտրողներին կաշառք տալու կասկածանքով նախորդ օրը երեկոյան ինքը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժին և հարկադրաբար պահվել մինչև առավոտյան 06:00-ն: Խնդրի կապակցությամբ Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ հաղորդման հիման վրա անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով: Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանին հաղորդում է ներկայացրել նաև Ազգային ժողովի պատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:

 

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շուրջօրյա գործում է թեժ գիծը՝ 116-ը կամ (096) 116100 հեռախոսահամարը, որով քաղաքացիներին տրամադրվում է իրավական խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում իրականացվում է արագ արձագանքում: