Պաշտպանի միջամտությամբ երեխայի խնամքի արձակուրդում գտնվող կինը վերականգնվել է նախկին աշխատանքում

Պաշտպանի միջամտությամբ երեխայի խնամքի արձակուրդում գտնվող կինը վերականգնվել է նախկին աշխատանքում

Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող կինը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությունը իրեն նախկին աշխատանքում վերականգնելու համար:

 

Դիմումատուի փոխանցմամբ՝ աշխատավայրից իրեն ծանուցել են, որ կազմակերպության լուծարման հիմքով ազատվել է աշխատանքից, մինչդեռ ինքը 2017 թվականից գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում: Բացի այդ, աշխատանքից ազատելիս այլ աշխատանք չի առաջարկվել` չնայած այն հանգամանքին, որ աշխատավայրում իրեն փոխարինող աշխատակիցը շարունակում է աշխատել որպես հիմնական աշխատող: Արդյունքում զրկվել է նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստից:

 

Բողոքի հիման վրա Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, պարզաբանումներ ստանալու պահանջով գրություն է հասցեագրվել պետական իրավասու մարմնին: Ստացված պատասխանների համաձայն, Մարդու իրավունքների պաշտպանի գրությունն ուսումնասիրելու արդյունքում, քաղաքացին վերականգնվել է նախկին աշխատանքում:

 

Նշենք, որ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ արգելվում է գործատուի նախաձեռնությամբ աշխատանքից ազատել հղի կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող կնոջը: