Պաշտպանի զեկույցներում և հաղորդումներում արձանագրված համակարգային խնդիրները լուծումներ կստանան. ամրապնդվում է Ազգային ժողովի հետ համագործակցությունը

Պաշտպանի զեկույցներում և հաղորդումներում արձանագրված համակարգային խնդիրները լուծումներ կստանան. ամրապնդվում է Ազգային ժողովի հետ համագործակցությունը

Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում և հաղորդումներում արձանագրված խնդիրները քննարկելու և լուծման ուղիներ գտնելու նպատակով Պաշտպանի ներկայացուցիչներն Ազգային ժողովում հանդիպում են ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետների և պատգամավորների օգնականների հետ։

 

«Ազգային ժողովի հետ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համագործակցությունը հատկապես կարևոր է Պաշտպանի՝ նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման սահմանադրական գործառույթի իրականացման համատեքստում: Սա ենթադրում է Պաշտպանի՝ անհատական դիմումների քննարկման և մշտադիտարկման արդյունքում վեր հանած օրենսդրական խնդիրների համատեղ լուծում: Այդ խնդիրները, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված կոնկրետ առաջարկներն արձանագրված են ինչպես տարեկան հաղորդման և զեկույցի, այնպես էլ հատուկ զեկույցների մեջ»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական, Ազգային ժողովում Պաշտպանի ներկայացուցիչ Սերգեյ Ղազինյանը։

 

Հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները ներկայացրել են Պաշտպանի աշխատանքի ուղղությունները, փակ հաստատություններում մշտադիտարկման արդյունքում արձանագրված խնդիրները, ինչպես նաև անդրադարձել են Սահմանադրական դատարան հատուկ կարծիք ներկայացնելու, դիմում հասցեագրելու լիազորություններին։

 

Պատգամավորի օգնականները և հանձնաժողովի փորձագետները բարձրացրել են մարդու իրավունքների պաշտպանության վերաբերող հարցեր և հետաքրքրվել առանձին ոլորտներում Պաշտպանի ձեռնարկած քայլերի մասին:

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպում-քննարկումները դարձնել շարունակական՝ կենտրոնանալով կոնկրետ ոլորտների խնդիրների և լուծման առաջարկների ձևավորման վրա։