Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը Տնտեսական մրցակցության պաշտպանության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների կազմերի ձևավորման վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը Տնտեսական մրցակցության պաշտպանության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների կազմերի ձևավորման վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քննարկվել է Տնտեսական մրցակցության պաշտպանության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների կազմերի ձևավորման վերաբերյալ հարցը: Այն քննարկվել է նաև ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի նիստում: Նույն հարցով Պաշտպանին է դիմել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Անահիտ Սարգսյանը:

 

Քննարկումների շրջանակում ուսումնասիրության առարկա են դարձել ինչպես ՀՀ գործող օրենսդրությունը, այնպես էլ՝ ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և ««Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով առաջարկվող փոփոխությունները:

 

ՀՀ Սահմանադրության, ներպետական օրենսդրության և միջազգային իրավաբանության համադրված վերլուծությամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանը գտնում է, որ նշված հանձնաժողովների վերաբերյալ օրենքներում այդ հանձնաժողովների անդամների կազմերի ձևավորման հետ կապված, Պաշտպանի կողմից Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու բավարար հիմքեր առկա չեն:

 

Կառավարության նիստում քննարկված օրենսդրական նախագիծը՝ կապված Տնտեսական մրցակցության պաշտպանության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների անդամների նշանակման հետ, Մարդու իրավունքների պաշտպանը դիտարկում է՝ որպես խնդրի լուծմանն ուղղված քայլ: Պետք է ապահովել նշված մարմինների գործունեության շարունակականությունը՝ հաշվի առնելով դրանց կարևորությունը: