Պաշտպանը հանդիպել է խոշտանգումների դեմ պայքարի կազմակերպությունների ներկայացուցիչներին

Պաշտպանը հանդիպել է խոշտանգումների դեմ պայքարի կազմակերպությունների ներկայացուցիչներին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 21-ին Ժնեւում հանդիպում է ունեցել Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի (APT) գործերի կառավարիչ Բարբարա Բերնատի հետ: Հանդիպմանը քննարկվել են խոշտանգումների դեմ պայքարի ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները, ինչպես նաեւ Պաշտպանի ինստիտուտի կարողությունների ընդլայնման եւ ամրապնդման հարցերը: Միաժամանակ, ներկայացվել եւ քննարկվել են «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի կարգավորումները Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի մանդատի ուժեղացման հարցում:

 

Պաշտպանը հանդիպել է նաեւ Խոշտանգումների դեմ միջազգային կազմակերպության (OMCT) ղեկավար Ժերալդ Սթաբերոքին: Հանդիպման ընթացքում շեշտադրվել են ինչպես համատեղ ծրագրերի եւ համագործակցության, խոշտանգումների ոլորտի միջազգային կազմակերպությունների առաջարկությունների գործնական կատարման, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման հարցում Պաշտպանի ինստիտուտի ներգրավվածության հարցերը: Բացի այդ, Պաշտպանը Խոշտանգումների դեմ միջազգային կազմակերպության ղեկավարի ուշադրությունը հրավիրել է նաեւ ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում կատարված վայրագությունների վրա: