Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր՝ հուլիսի 31-ին, աշխատանքային հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
«Մարդու իրավունքները պետք է լինեն պաշտպանված՝ անկախ տարածքի քաղաքական կարգավիճակից: Միջազգային իրավապաշտպան կառույցները պետք է ընդունեն այս սկզբունքը: Արցախում էլ են բնակվում մարդիկ՝ կանայք, երեխաներ, հաշմանդամություն ունեցողներ, որոնց պաշտպանությունը, իրավունքների երաշխավորումը չպետք է կախվածության մեջ դրվի տարածքի կարգավիճակից»,- իր խոսքում ասել է Արման Թաթոյանը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են Արցախի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությանը, այդ հարցում համագործակցությանն առնչվող կարևոր հարցեր:
Արման Թաթոյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը, հետագայում այն ավելի ընդլայնելու պատրաստակամություն հայտնել:
Կողմերը արձանագրել են Հայաստանի, Արցախի և Հայկական սփյուռքի միասնական ջանքերի կարևորությունը քննարկված խնդիրների լուծման հարցում: