Կբարձրացվի արտագնա աշխատանքի մեկնող անձանց իրազեկվածության մակարդակը․ Պաշտպանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին

Կբարձրացվի արտագնա աշխատանքի մեկնող անձանց իրազեկվածության մակարդակը․ Պաշտպանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։

 

Պաշտպանը շնորհավորել է դեսպանին կարևոր առաքելության ստանձնման կապակցությամբ և հայտնել պատրաստակամություն խորացնելու համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։

 

Հանդիպման ժամանակ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ ձևավորած սերտ համագործակցությունն ինչպես Օմբուդսմանների եվրասիական դաշինքի շրջանակում, այնպես էլ անհատական գործերով։ Տատյանա Մոսկալկովայի հետ ունեցած բարձր մակարդակի հարաբերություններով ու պատրաստակամությամբ է պայմանավորված այն փաստը, որ քննարկման առարկա են դառնում ազգությամբ հայերի բարձրացրած խնդիրները։

 

Սերգեյ Կոպիրկինը կարևորել է երկու երկրների մարդու իրավունքների ազգային հաստատությունների միջև առկա սերտ համագործակցությունը և պատրաստակամություն է հայտնել նպաստել այդ ոլորտում ծրագրերի առավել արդյունավետ իրականացմանը։

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում մի շարք օրակարգային խնդիրների, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել իրազեկման աշխատանքներ իրականացնելուն ուղղված Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների իրավունքների պաշտպանությանը։