Արման Թաթոյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային

Արման Թաթոյանն ընդունել է  ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Արգենտինայի մարդու իրավունքների պետական քարտուղար Կլաուդիո Ավրուխի եւ ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի հետ:

 

Հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստանում եւ Արգենտինայում մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների օրենսդրական եւ գործնական ամրապնդման խնդիրներին:

 

Կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող  եւ երկուստեք առաջնահերթություն ունեցող մի շարք  ոլորտներում ամրապնդել եւ ընդլայնել համագործակցությունը:

 

Պարոն Ավրուխն ու դեսպան Ուրրիոլաբեիտիան կարեւորել են Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ու նրա աշխատակազմի ակտիվ գործունեությունը եւ պատրաստակամություն հայտնել քննարկել հնարավոր համագործակցության եզրեր:

 

Արման Թաթոյանը, բարձր գնահատելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արգենտինական փորձը, իր հերթին արժեւորել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարական արժեքների ամրապնդման կարեւորությունը, ինչպես նաեւ արգենտինացի փորձագետների հետ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրեր նախաձեռնելու եւ համագործակցության ոլորտներն ընդլայնելու իր պատրաստակամությունը: