ՀՀ Սահմանադրություն
- 1․ ՄԱՐԴՈւ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ
- 2․ ՊԱՇՏՊԱՆԻՆ ԴԻՄԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
- 3․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔ Է
- 4․ ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՄԱՍ 1)
- 5․ ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՄԱՍ 2)
- 6․ ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՄԱՍ 3)
4․ ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՄԱՍ 1)
Հոդված 23. Մարդու արժանապատվությունը
Մարդու արժանապատվությունն անխախտելի է:
Հոդված 24. Կյանքի իրավունքը
1. Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք:
2. Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել կյանքից:
3. Ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի:
Հոդված 25. Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը
1. Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության իրավունք:
2. Ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:
3. Բժշկության եւ կենսաբանության ոլորտներում մասնավորապես արգելվում են եվգենիկական փորձերը, մարդու օրգաններն ու հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելը, մարդու վերարտադրողական կլոնավորումը:
4. Ոչ ոք չի կարող առանց իր ազատ եւ հստակ արտահայտած համաձայնության ենթարկվել գիտական, բժշկական կամ այլ փորձերի: Մարդը նախապես տեղեկացվում է նման փորձերի հնարավոր հետեւանքների մասին:
Հոդված 26. Խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքը
1. Ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:
2. Մարմնական պատիժներն արգելվում են:
3. Ազատությունից զրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի իրավունք:
Հոդված 27. Անձնական ազատությունը
1. Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետեւյալ դեպքերում եւ օրենքով սահմանված կարգով`
1) անձին իրավասու դատարանը դատապարտել է հանցանք կատարելու համար.
2) դատարանի իրավաչափ կարգադրությանը չենթարկվելու համար.
3) օրենքով սահմանված որոշակի պարտականության կատարումն ապահովելու նպատակով.
4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով.
5) անչափահասին դաստիարակչական հսկողության հանձնելու կամ իրավասու մարմին ներկայացնելու նպատակով.
6) հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածումը, ինչպես նաեւ հոգեկան խանգարում ունեցող, հարբեցող կամ թմրամոլ անձանցից բխող վտանգը կանխելու նպատակով.
7) անձի անօրինական մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու կամ անձին արտաքսելու կամ այլ պետության հանձնելու նպատակով:
2. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է ազատությունից զրկվելու պատճառների, իսկ քրեական մեղադրանք ներկայացվելու դեպքում` նաեւ մեղադրանքի մասին:
3. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ այդ մասին անհապաղ տեղեկացվի իր ընտրած անձը: Այս իրավունքի իրականացումը կարող է հետաձգվել միայն օրենքով սահմանված դեպքերում, կարգով եւ ժամկետով` հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակով:
4. Եթե սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով ազատությունից զրկված անձի վերաբերյալ ազատությունից զրկվելու պահից ողջամիտ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամվա ընթացքում դատարանը որոշում չի կայացնում անազատության մեջ նրան հետագա պահելը թույլատրելու մասին, ապա նա անհապաղ ազատ է արձակվում:
5. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը, որի վերաբերյալ դատարանը սեղմ ժամկետում որոշում է կայացնում եւ կարգադրում է նրան ազատ արձակել, եթե ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է:
6. Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել միայն այն պատճառով, որ ի վիճակի չէ կատարելու քաղաքացիաիրավական պարտավորությունները:
Հոդված 28. Օրենքի առջեւ ընդհանուր հավասարությունը
Բոլորը հավասար են օրենքի առջեւ:
Հոդված 29. Խտրականության արգելքը
Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:
Հոդված 30. Կանանց եւ տղամարդկանց իրավահավասարությունը
Կանայք եւ տղամարդիկ իրավահավասար են:
Հոդված 31. Մասնավոր եւ ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիությունը
1. Յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր եւ ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք:
2. Մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:
Հոդված 32. Բնակարանի անձեռնմխելիությունը
1. Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք:
2. Բնակարանի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:
3. Բնակարանը կարող է խուզարկվել միայն դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով: Օրենքով կարող են սահմանվել դատարանի որոշմամբ բնակարանի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման այլ դեպքեր:
Հոդված 33. Հաղորդակցության ազատությունը եւ գաղտնիությունը
1. Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների եւ հաղորդակցության այլ ձեւերի ազատության եւ գաղտնիության իրավունք:
2. Հաղորդակցության ազատությունը եւ գաղտնիությունը կարող են սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:
3. Հաղորդակցության գաղտնիությունը կարող է սահմանափակվել միայն դատարանի որոշմամբ, բացառությամբ երբ դա անհրաժեշտ է պետական անվտանգության պաշտպանության համար եւ պայմանավորված է հաղորդակցվողների` օրենքով սահմանված առանձնահատուկ կարգավիճակով:
Հոդված 34. Անձնական տվյալների պաշտպանությունը
1. Յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունք:
2. Անձնական տվյալների մշակումը պետք է կատարվի բարեխղճորեն, օրենքով սահմանված նպատակով, անձի համաձայնությամբ կամ առանց այդ համաձայնության` օրենքով սահմանված այլ իրավաչափ հիմքի առկայությամբ:
3. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ծանոթանալու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում իր մասին հավաքված տվյալներին եւ պահանջելու ոչ հավաստի տվյալների շտկում, ինչպես նաեւ ապօրինի ձեռք բերված կամ այլեւս իրավական հիմքեր չունեցող տվյալների վերացում:
4. Անձնական տվյալներին ծանոթանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:
5. Անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող մանրամասները սահմանվում են օրենքով:
Հոդված 35. Ամուսնանալու ազատությունը
1. Ամուսնական տարիքի հասած կինը եւ տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու եւ ընտանիք կազմելու իրավունք ունեն: Ամուսնության տարիքը, ամուսնության եւ ամուսնալուծության կարգը սահմանվում են օրենքով:
2. Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս կինը եւ տղամարդն ունեն հավասար իրավունքներ:
3. Ամուսնանալու ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` առողջության եւ բարոյականության պաշտպանության նպատակով:
Հոդված 36. Ծնողների իրավունքները եւ պարտականությունները
1. Ծնողներն իրավունք ունեն եւ պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին:
2. Ծնողական իրավունքներից զրկելը կամ դրանց սահմանափակումը կարող է կատարվել միայն օրենքով, դատարանի որոշմամբ` երեխայի կենսական շահերն ապահովելու նպատակով:
3. Չափահաս աշխատունակ անձինք պարտավոր են հոգ տանել իրենց անաշխատունակ եւ կարիքավոր ծնողների մասին: Մանրամասները սահմանվում են օրենքով:
Հոդված 37. Երեխայի իրավունքները
1. Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին եւ հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում:
2. Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան:
3. Յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ եւ անմիջական շփումներ պահպանելու իրավունք, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին: Մանրամասները սահմանվում են օրենքով:
4. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետության հոգածության եւ պաշտպանության ներքո են:
Հոդված 38. Կրթության իրավունքը
1. Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Պարտադիր կրթության ծրագրերը եւ տեւողությունը սահմանվում են օրենքով: Պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է:
2. Յուրաքանչյուր ոք օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով ունի մրցութային հիմունքներով պետական բարձրագույն եւ այլ մասնագիտական կրթական հաստատություններում անվճար կրթություն ստանալու իրավունք:
3. Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական եւ հետազոտությունների ազատությունը:
Հոդված 39. Մարդու ազատ գործելու իրավունքը
Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները եւ չի հակասում Սահմանադրությանը եւ օրենքներին: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով: