ՀՀ Սահմանադրություն
- 1․ ՄԱՐԴՈւ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ
- 2․ ՊԱՇՏՊԱՆԻՆ ԴԻՄԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
- 3․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔ Է
- 4․ ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՄԱՍ 1)
- 5․ ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՄԱՍ 2)
- 6․ ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՄԱՍ 3)
6․ ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՄԱՍ 3)
Հոդված 60. Սեփականության իրավունքը
1. Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու եւ տնօրինելու իրավունք:
2. Ժառանգելու իրավունքը երաշխավորվում է:
3. Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:
4. Ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:
5. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում եւ կարգով` միայն նախնական եւ համարժեք փոխհատուցմամբ:
6. Հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
7. Մտավոր սեփականությունը պաշտպանվում է օրենքով:
8. Յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Հոդված 61. Դատական պաշտպանության իրավունքը եւ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը
1. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների եւ ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
2. Յուրաքանչյուր ոք, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, ունի իր իրավունքների եւ ազատությունների պաշտպանության խնդրով մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունք:
Հոդված 62. Վնասի հատուցման իրավունքը
1. Յուրաքանչյուր ոք ունի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաեւ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման իրավունք: Վնասի հատուցման պայմանները եւ կարգը սահմանվում են օրենքով:
2. Եթե հանցանք կատարելու համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված անձն արդարացվել է այն հիմքով, որ նոր կամ նոր երեւան եկած որեւէ հանգամանք ապացուցում է նրա դատապարտման ոչ իրավաչափ լինելը, ապա այդ անձն ունի օրենքին համապատասխան հատուցում ստանալու իրավունք, եթե չի ապացուցվում, որ այդ հանգամանքի ժամանակին բացահայտումը լիովին կամ մասամբ կախված էր տվյալ անձից:
Հոդված 63. Արդար դատաքննության իրավունքը
1. Յուրաքանչյուր ոք ունի անկախ եւ անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային եւ ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
2. Դատական վարույթը կամ դրա մի մասը, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով, դատարանի որոշմամբ կարող է անցկացվել դռնփակ` վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաեւ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով:
3. Հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված կամ արդար դատաքննության իրավունքը խաթարող ապացույցի օգտագործումն արգելվում է:
Հոդված 64. Իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը
1. Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով սահմանված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին:
2. Իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման եւ փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը: Փաստաբանների կարգավիճակը, իրավունքները եւ պարտականությունները սահմանվում են օրենքով:
Հոդված 65. Ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու իրավունքը
Ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ: Օրենքը կարող է սահմանել ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու այլ դեպքեր:
Հոդված 66. Անմեղության կանխավարկածը
Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հոդված 67. Մեղադրանքից պաշտպանվելու իրավունքը
Հանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի`
1) ներկայացված մեղադրանքի բնույթի եւ հիմքի մասին իրեն հասկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրավունք.
2) անձամբ կամ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունք.
3) իր պաշտպանությունը նախապատրաստելու եւ իր ընտրած փաստաբանի հետ հաղորդակցվելու համար բավարար ժամանակ եւ հնարավորություններ ունենալու իրավունք.
4) իր դեմ ցուցմունք տվող անձանց հարցման ենթարկելու իրավունք, կամ որ այդ անձինք ենթարկվեն հարցման, ինչպես նաեւ, որ իր օգտին ցուցմունք տվող անձինք կանչվեն եւ հարցաքննվեն նույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված անձինք.
5) թարգմանչի անվճար ծառայությունից օգտվելու իրավունք, եթե նա չի տիրապետում հայերենին:
Հոդված 68. Կրկին դատվելու արգելքը
1. Ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար:
2. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը` օրենքին համապատասխան, եթե առկա են նոր կամ նոր երեւան եկած հանգամանքներ, կամ գործի քննության ժամանակ տեղ են գտել հիմնարար թերություններ, որոնք կարող էին ազդել գործի արդյունքի վրա:
Հոդված 69. Դատապարտվածի բողոքարկման իրավունքը
Հանցանք կատարելու համար դատապարտված յուրաքանչյուր ոք ունի իր նկատմամբ կայացված դատավճռի` օրենքով սահմանված հիմքերով եւ կարգով վերադաս դատական ատյանի կողմից վերանայման իրավունք:
Հոդված 70. Ներման խնդրանքի իրավունքը
Յուրաքանչյուր դատապարտյալ ունի ներման, ներառյալ նշանակված պատիժը մեղմացնելու խնդրանքի իրավունք: Մանրամասները սահմանվում են օրենքով:
Հոդված 71. Մեղքի սկզբունքը եւ պատժի համաչափության սկզբունքը
1. Հանցանք կատարած անձի պատժի հիմքը նրա մեղքն է:
2. Օրենքով սահմանված պատիժը, ինչպես նաեւ նշանակված պատժատեսակը եւ պատժաչափը պետք է համաչափ լինեն կատարված արարքին:
Հոդված 72. Հանցագործություններ սահմանելիս եւ պատիժներ նշանակելիս օրինականության սկզբունքը
Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ:
Հոդված 73. Օրենքների եւ այլ իրավական ակտերի հետադարձ ուժը
1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:
2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:
Հոդված 74. Հիմնական իրավունքների եւ ազատությունների կիրառելիությունն իրավաբանական անձանց նկատմամբ
Հիմնական իրավունքները եւ ազատությունները տարածվում են նաեւ իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով այդ իրավունքները եւ ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ:
Հոդված 75. Հիմնական իրավունքների եւ ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերը եւ ընթացակարգերը
Հիմնական իրավունքները եւ ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների եւ ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր եւ ընթացակարգեր:
Հոդված 76. Հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակումներն արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ
Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները, բացառությամբ Սահմանադրության 23-26-րդ, 28-30-րդ, 35-37-րդ հոդվածներում, 38-րդ հոդվածի 1-ին մասում, 41-րդ հոդվածի 1-ին մասում, 47-րդ հոդվածի 1-ին մասում, 5-րդ մասի 1-ին նախադասությունում եւ 8-րդ մասում, 52-րդ, 55-րդ հոդվածի 2-րդ մասում, 56-րդ, 61-րդ, 63-72-րդհոդվածներում նշվածների, կարող են օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցվել կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկվել միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը` արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ պարտավորություններից շեղվելու վերաբերյալ ստանձնված միջազգային պարտավորությունների շրջանակներում:
Հոդված 77. Հիմնական իրավունքների եւ ազատությունների չարաշահման արգելքը
Արգելվում է հիմնական իրավունքների եւ ազատությունների օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով:
Հոդված 78. Համաչափության սկզբունքը
Հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի եւ անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի եւ ազատության նշանակությանը:
Հոդված 79. Որոշակիության սկզբունքը
Հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ:
Հոդված 80. Հիմնական իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ դրույթների էության անխախտելիությունը
Հիմնական իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ սույն գլխում ամրագրված դրույթների էությունն անխախտելի է:
Հոդված 81. Հիմնական իրավունքներն ու ազատությունները եւ միջազգային իրավական պրակտիկան
1. Հիմնական իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած` մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
2. Հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները: