Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենք

ԳԼՈՒԽ 2. ՊԱՇՏՊԱՆԻ ԳՈՐԾՈւՆԵՈւԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

ՀՈԴՎԱԾ 5. ՊԱՇՏՊԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Պաշտպանն իր լիազորություններն իրականացնելիս անկախ է, առաջնորդվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

 

ՀՈԴՎԱԾ 6. ՊԱՇՏՊԱՆԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Պաշտպանն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել Պաշտպանի` իր կարգավիճակից բխող գործունեության շրջանակներում, այդ թվում` Ազգային ժողովում հայտնած կարծիքի համար:

2. Պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել, Պաշտպանը կարող է ազատությունից զրկվել միայն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համաձայնությամբ` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

3. Պաշտպանն առանց Ազգային ժողովի համաձայնության կարող է զրկվել ազատությունից, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել յոթանասուներկու ժամից ավելի: Պաշտպանին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը:

4. Պաշտպանն իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում և դրանից հետո չի կարող բացատրություն տալ կամ հարցաքննվել պաշտոնավարման ընթացքում իրեն հասցեագրված դիմումների կամ բողոքների, դրանց ուսումնասիրության կամ քննարկման ընթացքում ձեռք բերված փաստաթղթերի էության կամ իր կայացրած որոշումների կապակցությամբ:

5. Պաշտպանի` իր լիազորությունների իրականացման հետ կապված նամակագրությունը, հեռախոսային խոսակցությունները, փոստային, հեռագրական հաղորդումները և հաղորդակցության այլ ձևերը ենթակա են վերահսկման միայն դատարանի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդությամբ, եթե դա կապված է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարումը կանխելու կամ բացահայտելու անհրաժեշտության հետ:

 

ՀՈԴՎԱԾ 7. ՊԱՇՏՊԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Պաշտպանը և նրա ընտանիքի անդամները գտնվում են պետության հատուկ պաշտպանության ներքո: Իրավասու պետական մարմինները Պաշտպանի դիմումի հիման վրա պարտավոր են ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ` Պաշտպանի և նրա ընտանիքի անվտանգությունն ապահովելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 8. ՊԱՇՏՊԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

1. Պաշտպանի և նրա աշխատակազմի բնականոն գործունեության համար պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովվում է պատշաճ ֆինանսավորում:

2. Պաշտպանի և նրա աշխատակազմի բյուջեն պետական բյուջեի մաս է, որը ֆինանսավորվում է առանձին տողով: Նույն տողով հատուկ ֆինանսավորվում է նաև Պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեությունը:

3. Պաշտպանը օրենսդրությամբ սահմանված կարգով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում Պաշտպանի և նրա աշխատակազմի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը (նախահաշիվը) ներկայացնում է պետական լիազորված մարմին` պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար:

4. Պաշտպանի և նրա աշխատակազմի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը (նախահաշիվը) կառավարության կողմից ընդունվելու դեպքում ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկության դեպքում պետական բյուջեի նախագծի հետ միասին ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: Կառավարությունն Ազգային ժողով և Պաշտպանին է ներկայացնում բյուջետային ֆինանսավորման վերաբերյալ առարկության հիմնավորումը:

5. Յուրաքանչյուր տարի Պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես նաև Պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից: Պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորումը կատարվում է ամսական հավասար համամասնությամբ` յուրաքանչյուր ամսվա համար կանխավճարի կարգով:

6. Պաշտպանը մասնակցում է Ազգային ժողովում «Պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` Պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես նաև Պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության ֆինանսավորմանը վերաբերող մասերի քննարկմանը:

7. Պաշտպանն ունի 30 աշխատանքային օր տևողությամբ ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք:

8. Պաշտպանն իր լիազորությունների իրականացման ողջ ժամանակահատվածում ազատվում է ժամկետային զինվորական ծառայությունից, զորահավաքներից և վարժական հավաքներից:

 

ՀՈԴՎԱԾ 9. ՊԱՇՏՊԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները, դրանց պաշտոնատար անձինք կամ ներկայացուցիչները պարտավոր են սույն օրենքով սահմանված կարգով Պաշտպանին անվճար և հնարավոր կարճ ժամկետում տրամադրել անհրաժեշտ նյութեր, փաստաթղթեր, տեղեկություններ և պարզաբանումներ, ինչպես նաև այլ կերպ աջակցել նրա աշխատանքներին:

2. Պաշտպանի պահանջած նյութերը, փաստաթղթերը, տեղեկությունները և պարզաբանումները պետք է Պաշտպանին ուղարկվեն հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան հարցումն ստանալուց հետո` երեսուն օրվա ընթացքում, եթե հարցման մեջ ավելի կարճ ժամկետ նշված չէ:

3. Իր լիազորությունների շրջանակում Պաշտպանն օգտվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, դրանց պաշտոնատար անձանց և ներկայացուցիչների մոտ անհետաձգելի ընդունելության իրավունքից: Արագ արձագանքման շրջանակներում Պաշտպանի պահանջի դեպքում սույն մասում նշված մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք և ներկայացուցիչները պարտավոր են Պաշտպանին կամ նրա ներկայացուցիչներին տրամադրել անհապաղ աջակցություն:

4. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները, դրանց պաշտոնատար անձինք կամ ներկայացուցիչները պարտավոր են երաշխավորել ազատության սահմանափակման կամ ազատությունից զրկման վայրում գտնվող անձի հետ Պաշտպանի կամ նրա ներկայացուցչի անարգել և խորհրդապահական կարգով հաղորդակցվելու հնարավորությունը: Պաշտպանի կամ նրա ներկայացուցիչների` այդ անձանց հետ առանձնազրույցները ենթակա չեն միջամտության կամ գաղտնալսման:

5. Պաշտպանին ուղղված բողոքները և այլ փաստաթղթերը, ինչպես նաև Պաշտպանի հարցումները կամ նրա կողմից ուղարկվող այլ փաստաթղթեր ենթակա չեն ստուգման կամ գրաքննության: Դրանք իրավասու մարմինների կամ կազմակերպությունների կողմից ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում պետք է ուղարկվեն Պաշտպանին:

 

ՀՈԴՎԱԾ 10. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

1. Պաշտպանի գործունեությանը օրենքով չնախատեսված ցանկացած միջամտություն արգելվում է:

2. Պաշտպանին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենքով վերապահված լիազորությունների իրականացմանը ցանկացած ձևով խոչընդոտելը, ինչպես նաև Պաշտպանին սպառնալը կամ նրան վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելն առաջացնում են քրեական պատասխանատվություն:

3. Պաշտպանի պահանջած նյութերը, փաստաթղթերը, տեղեկությունները կամ պարզաբանումները սույն օրենքին համապատասխան սահմանված ժամկետներում չտրամադրելն առաջացնում է վարչական պատասխանատվություն:

 

ՀՈԴՎԱԾ 11. ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

1. Պաշտպանի աշխատակազմում պաշտոն զբաղեցնող անձի կամ կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետի նկատմամբ որևէ հիմքով քրեական հետապնդում հարուցվելու կամ նրան ազատությունից որևէ կերպ զրկելու դեպքում վարույթն իրականացնող մարմինն այդ մասին պարտավոր է անհապաղ տեղեկացնել Պաշտպանին` համապատասխան անձի վերաբերյալ տվյալներ ձեռք բերելուց անմիջապես հետո:

2. Պաշտպանի աշխատակազմում պաշտոն զբաղեցնող անձինք և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները կարող են բացատրություն տալ կամ հարցաքննվել Պաշտպանին հասցեագրված դիմումների կամ բողոքների էության կամ դրանց ուսումնասիրությունների արդյունքում Պաշտպանի կայացրած որոշումների վերաբերյալ, ինչպես նաև դրանք այլ անձանց տրամադրել ծանոթացման` միայն Պաշտպանի գրավոր համաձայնությամբ: