Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենք
- ԳԼՈւԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- ԳԼՈՒԽ 2. ՊԱՇՏՊԱՆԻ ԳՈՐԾՈւՆԵՈւԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
- ԳԼՈՒԽ 3. ՊԱՇՏՊԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
- ԳԼՈՒԽ 4. ՊԱՇՏՊԱՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
- ԳԼՈՒԽ 5. ՊԱՇՏՊԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՁԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ
- ԳԼՈՒԽ 6. ՊԱՇՏՊԱՆԻ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ ԵՎ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ, ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԽՈՐՀՈՒՐԴԸ
- ԳԼՈՒԽ 7. ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- ԳԼՈՒԽ 8. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ԳԼՈՒԽ 4. ՊԱՇՏՊԱՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
ՀՈԴՎԱԾ 15. ՊԱՇՏՊԱՆԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ԵՆԹԱԿԱ ԲՈՂՈՔՆԵՐԸ
1. Պաշտպանը բողոքի առկայության դեպքում կամ սեփական նախաձեռնությամբ քննարկում է`
1) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պատվիրակած լիազորություններն իրականացնող կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված` մարդու իրավունքների և ազատությունների խախտումները.
2) հանրային ծառայության ոլորտում գործող կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ հարցերը, եթե տեղեկություն կա մարդու իրավունքների կամ ազատությունների զանգվածային խախտումների մասին, կամ դա ունի հանրային նշանակություն կամ կապված է այնպիսի անձանց շահերի պաշտպանության անհրաժեշտության հետ, որոնք չեն կարող ինքնուրույն օգտագործել իրենց իրավունքների և ազատությունների պաշտպանության իրավական միջոցները:
2. Սեփական նախաձեռնությամբ քննարկում իրականացնելիս Պաշտպանն օգտվում է սույն օրենքով իրեն վերապահված բոլոր լիազորություններից, որոնք նա իրականացնում է բողոքի քննարկման կապակցությամբ:
ՀՈԴՎԱԾ 16. ՊԱՇՏՊԱՆԻՆ ԴԻՄԵԼԸ
1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, սույն օրենքով սահմանված դեպքերում` նաև կազմակերպությունների կողմից իր իրավունքների և ազատությունների խախտման դեպքում յուրաքանչյուր ֆիզիկական և իրավաբանական անձ իրավունք ունի դիմելու Պաշտպանին:
2. Ֆիզիկական և իրավաբանական անձինք Պաշտպանին կարող են դիմել ինչպես փոստի, այնպես էլ Պաշտպանին կամ նրա ներկայացուցչին անձամբ բողոք հանձնելու միջոցով: Պաշտպանին կարող են դիմել նաև բանավոր, որը Պաշտպանի կամ նրա ներկայացուցչի կողմից ենթակա է գրավոր ձևակերպման:
3. Ֆիզիկական և իրավաբանական անձինք Պաշտպանին կարող են դիմել ինչպես անձամբ, այնպես էլ իրենց ներկայացուցիչների միջոցով:
4. Այլ անձի իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով Պաշտպանին կարող են դիմել այդ անձի ներկայացուցիչը, նրա իրավահաջորդը, ժառանգը, ինչպես նաև խնամակալության և հոգաբարձության մարմինները երեխաների, անգործունակ և սահմանափակ գործունակ անձանց իրավունքների պաշտպանության նպատակով: Որպես ներկայացուցիչ կարող են հանդես գալ օրինական ներկայացուցիչները, օրենքով սահմանված կարգով լիազորված անձինք, այդ թվում` փաստաբանները: Անձի ներկայացուցիչը Պաշտպանի կամ նրա ներկայացուցչի պահանջով պարտավոր է ներկայացնել լիազորագիր, փաստաբանի արտոնագիր, իսկ իրավահաջորդը, ժառանգը պարտավոր են ներկայացնել համապատասխանաբար իրավահաջորդ կամ ժառանգ լինելը հաստատող փաստաթուղթ:
5. Անձի գրավոր համաձայնությամբ նրա իրավունքների պաշտպանության նպատակով Պաշտպանին կարող են դիմել նաև հասարակական կազմակերպությունները:
6. Այլ անձանց իրավունքների պաշտպանության նպատակով Պաշտպանին դիմելու համար լիազորագիր կամ գրավոր համաձայնություն չի պահանջվում, եթե դա կապված է այնպիսի անձանց շահերի պաշտպանության անհրաժեշտության հետ, որոնք ի վիճակի չեն ինքնուրույն օգտագործել իրենց պաշտպանության իրավական միջոցները:
7. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները չեն կարող Պաշտպանին բողոքներ ներկայացնել:
8. Պաշտպանին դիմելը կամ Պաշտպանի միջամտությունը չի կարող հանգեցնել բողոք ներկայացրած անձի համար որևէ անբարենպաստ հետևանքի կամ անհավասար վերաբերմունքի կամ սպառնալիքի: Ցանկացած այդպիսի վերաբերմունք առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
ՀՈԴՎԱԾ 17. ԲՈՂՈՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Բողոքը պետք է Պաշտպանին ներկայացվի մեկ տարվա ընթացքում այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքների կամ ազատությունների ենթադրյալ խախտման մասին:
2. Բողոքը ներկայացվում է գրավոր կամ բանավոր ձևով:
3. Պաշտպանին ներկայացվող բողոքների համար պետական տուրք չի գանձվում:
4. Բողոքը պետք է լինի ստորագրված` ներառելով բողոք ներկայացնող անձի ազգանունը, անունը, բնակության վայրը (հասցեն) կամ իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը և հետադարձ կապի վերաբերյալ տվյալներ: Բողոքի համար որևէ այլ հատուկ ձև չի սահմանվում:
5. Առցանց բողոքների ներկայացման կարգը հաստատում է Պաշտպանը:
6. Բանավոր բողոքների բովանդակությունը և սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված տվյալները գրավոր արձանագրվում են Պաշտպանի կամ նրա իրավասու ներկայացուցչի կողմից:
7. Պաշտպանին ներկայացված բողոքը համարվում է բողոք ներկայացրած անձի համաձայնություն և հիմք է անհրաժեշտ անձնական տվյալները Պաշտպանի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, այլ կազմակերպություններից օրենքով սահմանված կարգով ստանալու համար:
ՀՈԴՎԱԾ 18. ԲՈՂՈՔՆԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
1. Մինչև բողոքի վերաբերյալ Պաշտպանի կողմից վերջնական որոշման ընդունումը քննարկման ենթակա բողոքները կամ դրանց բովանդակությունը հրապարակման ենթակա չեն, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք արդեն հրապարակված են բողոքը ներկայացնողի կամ այլ անձանց կողմից:
2. Իր գործունեության ընթացքում դիմողի կամ այլ անձի մասին իրեն հայտնի դարձած տվյալները Պաշտպանը կարող է հրապարակել միայն այդ անձանց գրավոր համաձայնությամբ:
ՀՈԴՎԱԾ 19. ԲՈՂՈՔԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
1. Բողոքն ստանալուց և հաշվառելուց անմիջապես հետո Պաշտպանի սահմանած կարգով իրականացվում է բողոքի ուսումնասիրություն, որի հիման վրա Պաշտպանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
1) բողոքը քննարկման ընդունելու մասին.
2) բողոքը չքննարկելու մասին.
3) բողոք ներկայացրած անձին իր իրավունքների և ազատությունների պաշտպանության հնարավորությունները ներկայացնելու մասին.
4) բողոքն այլ մարմնի քննարկմանը փոխանցելու մասին:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված որոշման օրինակը Պաշտպանն ուղարկում է բողոք ներկայացրած անձին սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան բողոքն ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում:
3. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում Պաշտպանը կարող է ընդունել նաև որոշում սեփական նախաձեռնությամբ քննարկում սկսելու մասին:
4. Բողոքի կամ սեփական նախաձեռնությամբ քննարկման կապակցությամբ Պաշտպանի կայացրած որոշումները բողոքարկման ենթակա չեն:
ՀՈԴՎԱԾ 20. ԲՈՂՈՔԸ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼԸ
1. Պաշտպանը կայացնում է բողոքը քննարկման ընդունելու մասին որոշում, եթե բողոքում շարադրված տեղեկությունները վկայում են մարդու իրավունքների կամ ազատությունների ենթադրյալ խախտման մասին, և առկա են բողոքը Պաշտպանին քննարկման ենթակա լինելու` սույն օրենքով սահմանված պայմանները:
2. Բողոքում նշված հարցերի ուսումնասիրումը չպետք է կատարի պետական կամ տեղական ինքնակառավարման այն մարմինը կամ այդ մարմնի կամ կազմակերպության այն պաշտոնատար անձը, որի որոշումը կամ գործողությունը (անգործությունը) բողոքարկվում է:
3. Բողոքը քննարկման ընդունելու մասին որոշում կայացնելու հետ միաժամանակ Պաշտպանը բողոքը ներկայացրած անձին ծանուցում է առ այն, որ Պաշտպանին բողոք ներկայացնելը չի կասեցնում իր խախտված իրավունքների և ազատությունների պաշտպանության համար իրավասու մարմին կամ դատարան դիմելու համար սահմանված ժամկետները:
ՀՈԴՎԱԾ 21. ԲՈՂՈՔԸ ՉՔՆՆԱՐԿԵԼԸ
1. Պաշտպանը կայացնում է որոշում բողոքը չքննարկելու մասին, եթե բողոքում բարձրացված հարցի լուծումը դուրս է Պաշտպանի լիազորությունների շրջանակից, կամ առկա են բողոքը չքննարկելու` սույն օրենքով նախատեսված հիմքերը:
2. Պաշտպանը կարող է չքննարկել այն բողոքները, որոնք անանուն են, ինչպես նաև այն բողոքները, որոնք տրվել են մեկ տարուց ավելի ուշ այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքների և ազատությունների խախտման մասին, բացառությամբ, երբ Պաշտպանը հարգելի է ճանաչում ժամկետը բաց թողնելու պատճառները: Բողոքը չի քննարկվում այն դեպքում, երբ պարզվում է, որ դրա հեղինակի ինքնությանը վերաբերող տվյալները կեղծ են:
3. Պաշտպանը կարող է չքննարկել այն բողոքները, որոնք պահանջ չեն բովանդակում կամ չեն վկայում մարդու իրավունքների կամ ազատությունների ենթադրյալ խախտման մասին, կամ բողոքի բովանդակությունից պարզ չէ, թե որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, կազմակերպության կամ դրանց պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի կողմից է խախտվել բողոք ներկայացրած անձի իրավունքը: Բողոքը չի քննարկվում, իսկ բողոքի կապակցությամբ սկսված քննարկումը դադարեցվում է նաև այն դեպքում, երբ բողոք ներկայացնելուց հետո շահագրգիռ անձը բողոքում նշված նույն հիմքով և առարկայով հայց կամ բողոք է ներկայացրել դատարան, կամ առկա է նույն հիմքով և նույն առարկայով հայցի կամ բողոքի վերաբերյալ դատարանի վերջնական դատական ակտ:
4. Պաշտպանը բողոքը չի քննարկում նաև այն դեպքում, երբ պահպանված չեն սույն օրենքով բողոքի համար սահմանված պահանջները, կամ բողոք ներկայացրած անձն այն անհետևանք թողնելու կամ չքննարկելու խնդրանքով դիմել է Պաշտպանին:
5. Բողոքը չքննարկելու մասին որոշում կայացնելիս Պաշտպանը բողոք ներկայացրած անձին պարզաբանում է բողոքը չքննարկելու հիմքերը, ինչպես նաև այդ բողոքի քննարկման` օրենքով նախատեսված կարգը:
6. Եթե Պաշտպանի կայացրած բողոքը չքննարկելու մասին որոշումից հետո բողոք ներկայացրած անձը կրկին ներկայացնում է ավելի մանրամասն տեղեկություններով բողոք, և եթե Պաշտպանը համարում է, որ նոր տեղեկություններով բողոքը վկայում է իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտման մասին, ապա Պաշտպանը կայացնում է սույն օրենքի 19-րդ հոդվածում նշված որոշումներից մեկը:
ՀՈԴՎԱԾ 22. ԲՈՂՈՔ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՆՁԻՆ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ
1. Պաշտպանը կայացնում է բողոք ներկայացրած անձին իր իրավունքների և ազատությունների պաշտպանության հնարավորությունները ներկայացնելու մասին որոշում, եթե ներկայացված բողոքը ենթակա չէ քննարկման, սակայն բողոքի ուսումնասիրությունը վկայում է, որ անհրաժեշտ է շահագրգիռ անձին մանրամասն պարզաբանել իրավունքների և ազատությունների իրացման հնարավորությունների մասին:
2. Որոշման օրինակը Պաշտպանն ուղարկում է բողոք ներկայացրած անձին` այդ որոշման առանձին հավելվածով ներկայացնելով բողոք ներկայացրած անձի իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը վերաբերող այն բոլոր հնարավորությունները, որոնցից նա չի օգտվել կամ կարող է օգտվել:
ՀՈԴՎԱԾ 23. ԲՈՂՈՔՆ ԱՅԼ ՄԱՐՄՆԻ ԿԱՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՓՈԽԱՆՑԵԼԸ
1. Եթե բողոքում բարձրացված հարցը բնույթով այնպիսին է, որ կարող է լուծել նաև պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմին, կազմակերպություն կամ դրանց պաշտոնատար անձը կամ ներկայացուցիչը, և եթե բողոքում բարձրացված հարցը այդ մարմնի կամ կազմակերպության կողմից նախապես չի քննարկվել, ապա Պաշտպանը բողոքը ներկայացնողի համաձայնությամբ կարող է քննարկման նպատակով փոխանցել նրան` ողջամիտ ժամկետի ընթացքում պարբերաբար տեղեկանալով հարցի քննարկման ընթացքի մասին:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքում բողոքը ներկայացրած անձի համաձայնությամբ Պաշտպանը կայացնում է որոշում բողոքն այն պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի կամ կազմակերպության կամ դրա պաշտոնատար անձի քննարկմանը փոխանցելու մասին, որի իրավասությանն է պատկանում բողոքի ըստ էության լուծումը:
3. Սույն հոդվածով սահմանված` բողոքն այլ մարմնի կամ կազմակերպության քննարկմանը փոխանցելու մասին որոշում կայացվելու դեպքում բողոք ներկայացրած անձը գրավոր տեղեկացվում է, որ բողոքն այլ մարմնի քննարկմանն է փոխանցվել` նրան ուղարկելով որոշման օրինակը:
ՀՈԴՎԱԾ 24. ՊԱՇՏՊԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲՈՂՈՔԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ
1. Բողոքի ուսումնասիրության կամ քննարկման ընթացքում իր իրավասությունների շրջանակում Պաշտպանը լիազորված է`
1) անարգել այցելելու իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին կամ կազմակերպություն, ներառյալ` զորամասեր, ինչպես նաև ազատությունից զրկման վայրեր.
2) իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից կամ դրա պաշտոնատար անձից պահանջելու և ստանալու բողոքին կամ սեփական նախաձեռնությամբ քննարկվող հարցին առնչվող` Պաշտպանի գնահատմամբ անհրաժեշտ նյութեր, փաստաթղթեր, տեղեկություններ կամ պարզաբանումներ, ինչպես նաև աջակցություն այդ հաստատություններ կատարվող այցերի ընթացքում.
3) իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից կամ դրա պաշտոնատար անձից, բացառությամբ դատարանների ու դատավորների, ստանալու քննարկման ընթացքում առաջացած հարցերի վերաբերյալ պարզաբանումներ.
4) սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում նշված կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտման դեպքերում սկսված քննարկման ընթացքում անարգել այցելելու այդ կազմակերպություններ, դրանք ներկայացնող իրավասու անձանցից պահանջել և ստանալ բողոքին կամ հարցին առնչվող անհրաժեշտ տեղեկություններ, պարզաբանումներ, նյութեր կամ փաստաթղթեր.
5) դիմելու իրավասու մարմիններին կամ կազմակերպություններին բողոքի հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ քննարկման առնչությամբ պարզաբանման ենթակա հանգամանքների վերաբերյալ փորձագիտական հետազոտություններ իրականացնելու և դրանց արդյունքում կազմված եզրակացությունները ստանալու համար: Փորձաքննությունների իրականացման և եզրակացությունների տրամադրմանն առնչվող ֆինանսական ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին.
6) ծանոթանալու քրեական, քաղաքացիական, վարչական, կարգապահական և այլ իրավախախտումների վերաբերյալ այն գործերին, որոնց վերաբերյալ ակտերն օրինական ուժի մեջ են մտել, ինչպես նաև այն նյութերին, որոնց կապակցությամբ մերժվել է քրեական գործերի հարուցումը, կամ կարճվել է քրեական գործի վարույթը, ստանալու դրանք էլեկտրոնային կամ այլ նյութական կրիչներով.
7) դիմելու դատական իշխանության` դատական պրակտիկայի ամփոփման համար պատասխանատու մարմիններին` դատական պրակտիկայում առաջացող իրավական հարցերի վերաբերյալ խորհրդատվական բնույթի պարզաբանումներ ստանալու նպատակով, ինչպես նաև առաջարկներ ներկայացնելու դատական պրակտիկայի կատարելագործման վերաբերյալ:
2. Պաշտպանը գրավոր որոշմամբ կարող է աշխատակազմում պաշտոն զբաղեցնող անձանց հանձնարարել իրականացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերով Պաշտպանին վերապահված լիազորությունների կատարմանն ուղղված գործառույթներ:
3. Պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկություններին Պաշտպանը կամ նրա կողմից այդ նպատակով հատուկ լիազորված անձը կարող է ծանոթանալ օրենքով սահմանված կարգով:
4. Պաշտպանն իրավասու չէ միջամտելու դատական վարույթին կամ դատավորների լիազորությունների իրականացմանը կոնկրետ գործով: Նա կարող է տեղեկություններ պահանջել Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտից, եթե դա կապված է սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված լիազորությունների իրականացման, ինչպես նաև տարեկան հաղորդում կամ հրապարակային զեկույց կազմելու հետ` առանց կոնկրետ գործով վարույթին միջամտելու:
ՀՈԴՎԱԾ 25. ՊԱՇՏՊԱՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԲՈՂՈՔԻ ԿԱՄ ՍԵՓԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՍԿՍՎԱԾ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ
1. Բողոքն ուսումնասիրելիս կամ քննարկելիս, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ քննարկում իրականացնելիս Պաշտպանը պարտավոր է հնարավորություն տալ այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին, կազմակերպությանը կամ դրանց այն պաշտոնատար անձին կամ ներկայացուցչին, որոնց որոշումը կամ գործողությունը (անգործությունը) բողոքարկվում է, պարզաբանումներ տալ բողոքի և կատարված ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ, ինչպես նաև հիմնավորել իր դիրքորոշումը:
2. Տեղեկություններ կամ պարզաբանումներ կամ նյութեր կամ փաստաթղթեր ներկայացնելու պահանջները կարող են հասցեագրվել մեկից ավելի մարմինների: Բողոքի քննարկման վերաբերյալ ստացված տարբեր պարզաբանումների արդյունքում մինչև վերջնական որոշում կայացնելը Պաշտպանը կարող է քննարկման միջանկյալ արդյունքներով դիմել սույն հոդվածում նշված մարմիններին կամ դրանց պաշտոնատար անձանց:
3. Պաշտպանն իրավասու է մարդու իրավունքների և ազատությունների մասին տեղեկատվության ուսումնասիրության և վերլուծության արդյունքների հիման վրա ուսումնասիրության արդյունքների ամփոփման նպատակով սույն հոդվածում նշված մարմիններին ու դրանց պաշտոնատար անձանց ուղարկելու խորհրդատվական բնույթի պարզաբանումներ և առաջարկություններ:
ՀՈԴՎԱԾ 26. ԲՈՂՈՔԻ ԿԱՄ ՍԵՓԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
1. Բողոքի կամ սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման արդյունքում Պաշտպանն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
1) մարդու իրավունքների կամ ազատությունների խախտման առկայության մասին, եթե բողոքի քննարկման ընթացքում հայտնաբերվել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, դրանց պաշտոնատար անձի կամ կազմակերպության կողմից մարդու իրավունքների կամ ազատությունների խախտում.
2) մարդու իրավունքների կամ ազատությունների խախտման բացակայության մասին, եթե քննարկման ընթացքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կամ կազմակերպության կողմից մարդու իրավունքների կամ ազատությունների խախտում չի հայտնաբերվել.
3) մարդու իրավունքները կամ ազատությունները խախտող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի` օրենքին և այլ իրավական ակտերին հակասող նորմատիվ իրավական ակտերն ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու վերաբերյալ դատարան հայց ներկայացնելու մասին, եթե խախտում կատարած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ դրա պաշտոնատար անձը սահմանված ժամկետում ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր չի ճանաչում իր համապատասխան իրավական ակտը.
4) բողոքի քննարկումը դադարեցնելու մասին, եթե բողոքի քննարկման ընթացքում բացահայտվել են բողոքը չքննարկելու կամ քննարկումը դադարեցնելու` սույն օրենքով նախատեսված հիմքեր:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված որոշումը կայացնելու դեպքում Պաշտպանը խախտում կատարած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին կամ դրա պաշտոնատար անձին կամ կազմակերպությանն առաջարկում է ողջամիտ ժամկետում վերացնել խախտումը` նշելով մարդու իրավունքների կամ ազատությունների վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումները:
3. Պաշտպանը բողոքի վերաբերյալ սույն հոդվածի 1-ին մասում նշված իր որոշման պատճենը որոշումն ընդունելու օրվանից հինգ օրվա ընթացքում ուղարկում է բողոք ներկայացրած անձին: Պաշտպանի որոշումը չի կարող խոչընդոտ դառնալ անձի կողմից իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված այլ միջոցներով պաշտպանելու համար:
4. Պաշտպանը պարտավոր է բողոքի վերաբերյալ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերում նշված որոշման պատճենը որոշումն ընդունելու օրվանից հինգ օրվա ընթացքում ուղարկել այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, դրա պաշտոնատար անձին կամ կազմակերպություն, որոնց որոշումը կամ գործողությունները (անգործությունը) բողոքարկվել են: Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, դրա պաշտոնատար անձը կամ կազմակերպությունը, որոնք ստացել են Պաշտպանի` սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերում նշված որոշումը, պարտավոր են այն ստանալու օրվանից հնարավորինս շուտ, սակայն ոչ ուշ, քան երեսնօրյա ժամկետում ձեռնարկված միջոցառումների մասին գրավոր հայտնել Պաշտպանին:
5. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված դեպքում, եթե առկա են օրենքով կամ այլ իրավական ակտով նախատեսված հիմքեր, Պաշտպանը կարող է պետական կամ տեղական ինքնակառավարման իրավասու մարմնին առաջարկել պատասխանատվության ենթարկել պաշտոնատար այն անձին, որի որոշմամբ կամ գործողությամբ (անգործությամբ) խախտվել են մարդու իրավունքները և ազատությունները: Պատասխանատվության ենթարկելու առաջարկի հետ մեկտեղ Պաշտպանը կարող է առաջարկել կարգապահական տույժի տեսակը: Պետական կամ տեղական ինքնակառավարման իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձը պարտավոր է քննարկել Պաշտպանի առաջարկը և արդյունքների մասին սույն օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամկետում տեղեկացնել Պաշտպանին: Պաշտպանի առաջարկած կարգապահական տույժի տեսակը չընտրելու կամ անձին կարգապահական պատասխանատվության չենթարկելու դեպքում իրավասու պաշտոնատար անձը պարտավոր է Պաշտպանին ներկայացնել համապատասխան հիմնավորում: Կազմակերպության կողմից մարդու իրավունքների կամ ազատությունների խախտում հայտնաբերելու դեպքում, եթե առկա են օրենքով կամ այլ իրավական ակտով նախատեսված հիմքեր, ապա Պաշտպանը կարող է պատասխանատվության ենթարկելու առաջարկով դիմել իրավասու վարչական մարմիններին:
6. Պաշտպանը կարող է զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել իր առաջարկությանը չպատասխանած կամ դրանով նախատեսված միջոցառումները չկատարած կամ ոչ պատշաճ կատարած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, դրա պաշտոնատար անձի կամ կազմակերպության վերաբերյալ հատուկ տեղեկություն` Պաշտպանի առաջարկության վերաբերյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, դրա պաշտոնատար անձի կամ կազմակերպության պատասխանների հետ միասին կամ առանց դրանց: