Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենք
- ԳԼՈւԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- ԳԼՈՒԽ 2. ՊԱՇՏՊԱՆԻ ԳՈՐԾՈւՆԵՈւԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
- ԳԼՈՒԽ 3. ՊԱՇՏՊԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
- ԳԼՈՒԽ 4. ՊԱՇՏՊԱՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
- ԳԼՈՒԽ 5. ՊԱՇՏՊԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՁԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ
- ԳԼՈՒԽ 6. ՊԱՇՏՊԱՆԻ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ ԵՎ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ, ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԽՈՐՀՈՒՐԴԸ
- ԳԼՈՒԽ 7. ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- ԳԼՈՒԽ 8. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ԳԼՈՒԽ 5. ՊԱՇՏՊԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՁԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ
ՀՈԴՎԱԾ 27. ՊԱՇՏՊԱՆԸ` ՈՐՊԵՍ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԵԽԱՆԻԶՄ
1. Կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակով Պաշտպանի գործունեության նպատակն է խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելումը սույն օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ազատությունից զրկման վայրերում:
2. Կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթների իրականացումն ապահովելու նպատակով Պաշտպանի աշխատակազմում ստեղծվում է առանձնացված ստորաբաժանում:
ՀՈԴՎԱԾ 28. ՊԱՇՏՊԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՈՐՊԵՍ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԵԽԱՆԻԶՄ
1. Որպես կանխարգելման ազգային մեխանիզմ` Պաշտպանն իրավասու է`
1) իրականացնելու պարբերական, ինչպես նաև ըստ անհրաժեշտության այցեր ազատությունից զրկման վայրեր, այդ թվում` իր ընտրությամբ դրանց հարակից շինություններ կամ կառույցներ խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը կանխարգելելու նպատակով: Պաշտպանը պարտավոր չէ նախապես տեղեկացնել այցելությունների ժամանակի և նպատակի մասին.
2) իր ընտրությամբ խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ) և անարգել տեսակցելու ազատությունից զրկման վայրերում գտնվող անձանց հետ, ինչպես նաև առանձնազրույցներ ունենալու նրանց հետ, համապատասխան հաստատությունների աշխատակիցների կամ նշված վայրում գտնվող կամ համապատասխան տեղեկություն ունեցող ցանկացած այլ անձի հետ, անհրաժեշտության դեպքում ներգրավել թարգմանիչ, օգտագործելու տեխնիկական միջոցներ: Առանձնազրույցները ենթակա չեն միջամտության կամ գաղտնալսման որևէ մարմնի կամ երրորդ անձի կողմից.
3) իրավասու մարմիններին և կազմակերպություններին ներկայացնելու առաջարկություններ` ազատությունից զրկման ցանկացած վայրում գտնվող անձանց պահման պայմանները բարելավելու, ինչպես նաև խոշտանգումները և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը կանխարգելելու նպատակով.
4) ստանալու տեղեկություններ ազատությունից զրկման վայրերի քանակի և տեղակայման, ինչպես նաև այնտեղ գտնվող անձանց քանակի վերաբերյալ.
5) ստանալու տեղեկություններ և պարզաբանումներ ազատությունից զրկման վայրում գտնվող անձանց նկատմամբ վերաբերմունքի, նրանց պահման պայմանների, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ ցանկացած այլ հարցի վերաբերյալ.
6) ծանոթանալու իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերին, ստանալու դրանց պատճենները.
7) իրավասու մարմիններին ներկայացնելու իրավական ակտերի կամ դրանց նախագծերի վերաբերյալ առաջարկություններ.
8) իրականացնելու սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:
2. Կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակի շրջանակներում ձեռք բերված տեղեկությունները ենթակա են պաշտպանության: Անձնական տվյալները ենթակա չեն հրապարակման` առանց անձի գրավոր համաձայնության:
3. Որպես կանխարգելման ազգային մեխանիզմ` Պաշտպանն ապահովում է մշտական կապ ՄԱԿ-ի խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման ենթակոմիտեի, ինչպես նաև միջազգային համապատասխան այլ կազմակերպությունների հետ, այդ թվում` տեղեկությունների փոխանակման և նրանց հետ հանդիպումների միջոցով:
4. Սույն օրենքի իմաստով` ազատությունից զրկման վայրեր են համարվում`
1) ձերբակալված և կալանավորված անձանց պահելու վայրերը.
2) քրեակատարողական հիմնարկները.
3) հոգեբուժական կազմակերպությունները.
4) կայազորային կարգապահական մեկուսարանները.
5) ազատությունից զրկված անձանց տեղափոխելու համար նախատեսված տրանսպորտային միջոցները.
6) ցանկացած այլ վայր, որտեղ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի որոշմամբ, հրամանով կամ ցուցումով, նրա համաձայնությամբ կամ թույլտվությամբ անձը զրկվել է կամ կարող է զրկված լինել ազատությունից, ինչպես նաև ցանկացած այնպիսի վայր, որն անձը չի կարող ինքնակամ լքել առանց դատարանի, վարչական կամ այլ մարմնի կամ պաշտոնատար անձի որոշման կամ թույլտվության:
5. Կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակի շրջանակներում մասնագիտական աջակցություն ստանալու նպատակով այդ մասին պաշտոնական կայքում կամ հրապարակային այլ աղբյուրներով արված հայտարարությամբ առաջադրված պահանջների հիման վրա Պաշտպանի կողմից ներգրավվում են անկախ մասնագետներ և (կամ) հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ձեռք են բերում կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետի կարգավիճակ:
6. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված փորձագետները կանխարգելման ազգային մեխանիզմի աշխատանքներին ներգրավվում են նրանց հետ կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա: Նրանց աշխատանքի վարձատրությունն իրականացվում է Պաշտպանի սահմանած կարգով` պետական բյուջեի միջոցների հաշվին` այդ նպատակով Պաշտպանի աշխատակազմին հատկացված ֆինանսական միջոցներից: Կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետների աշխատակարգը, ինչպես նաև նրանց վարքագծի կանոնները սահմանում է Պաշտպանը:
7. Պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման պետական ծառայողների և փորձագետների կողմից սույն հոդվածի 1-ին մասով Պաշտպանին վերապահված լիազորությունների կատարմանն ուղղված գործառույթներ կարող են իրականացվել միայն Պաշտպանի գրավոր որոշման հիման վրա` այդ որոշմամբ նախատեսված կարգով և ծավալով:
ՀՈԴՎԱԾ 29. ՊԱՇՏՊԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
1. Պաշտպանն իրավասու է մինչև մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի ընդունումը դրանց վերաբերյալ իրավասու մարմին ներկայացնելու գրավոր կարծիք:
2. Այն բոլոր դեպքերում, երբ Պաշտպանն իր գործունեության ընթացքում պարզում է, որ մարդու իրավունքներին և ազատություններին առնչվող հարցերը օրենքով կամ որևէ այլ իրավական ակտով կարգավորված չեն կամ ունեն ոչ լիարժեք կարգավորում, ապա Պաշտպանը կարող է համապատասխան առաջարկություն ներկայացնել իրավական ակտն ընդունող մարմին` նշելով իրավական ակտը փոփոխելու կամ լրացնելու անհրաժեշտությունն ու սահմանները:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված առաջարկությունը ստացած մարմինը պարտավոր է այն քննարկել և արդյունքների մասին սույն օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամկետում տեղեկացնել Պաշտպանին:
4. Պաշտպանն իրավունք ունի դիմելու Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի` Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին համապատասխանության հարցերով:
5. Պաշտպանը կարող է իրականացնել իր աշխատակազմի, ինչպես նաև շահառու մարմինների և կազմակերպությունների` մարդու իրավունքներին և ազատություններին առնչվող հարցերով վերապատրաստումներ:
ՀՈԴՎԱԾ 30. ՊԱՇՏՊԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ
1. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Պաշտպանն իրավասու է`
1) իրականացնելու օրենսդրության` «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի` 1989 թվականի նոյեմբերի 20-ին ընդունված կոնվենցիայի դրույթներին համապատասխանության մշտադիտարկում.
2) իրականացնելու պարբերական, ինչպես նաև ըստ անհրաժեշտության անարգել այցեր երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատություններ: Պաշտպանը պարտավոր չէ նախապես տեղեկացնել այցելությունների ժամանակի և նպատակի մասին.
3) հանդես գալու երեխայի իրավունքներին առնչվող հատուկ հրապարակային զեկույցներով.
4) իրավասու մարմիններ ներկայացնելու երեխաների իրավունքներին վերաբերող իրավական ակտերի կամ դրանց նախագծերի կամ պրակտիկայի կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ.
5) իրականացնելու սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ: