Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենք
- ԳԼՈւԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- ԳԼՈՒԽ 2. ՊԱՇՏՊԱՆԻ ԳՈՐԾՈւՆԵՈւԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
- ԳԼՈՒԽ 3. ՊԱՇՏՊԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
- ԳԼՈՒԽ 4. ՊԱՇՏՊԱՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
- ԳԼՈՒԽ 5. ՊԱՇՏՊԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՁԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ
- ԳԼՈՒԽ 6. ՊԱՇՏՊԱՆԻ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ ԵՎ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ, ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԽՈՐՀՈՒՐԴԸ
- ԳԼՈՒԽ 7. ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- ԳԼՈՒԽ 8. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ԳԼՈՒԽ 7. ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 34. ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ
1. Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու, դասային աստիճաններ շնորհելու, թափուր պաշտոնների համալրման նպատակով մրցույթ անցկացնելու, պետական ծառայողների վերապատրաստման, կադրերի ռեզերվում ընդգրկելու, նրանց գործունեության գնահատման, փոխարինման, գործուղման, արձակուրդի տրամադրման, պետական ծառայողների սոցիալական երաշխիքների և դրանց հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, ինչպես նաև «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, եթե սույն օրենքով այդ հարաբերությունները կարգավորող առանձնահատկություններ սահմանված չեն:
2. Պետական ծառայողների ծառայողական փոխհարաբերությունները կարգավորվում են Պաշտպանի հաստատած կարգապահական ներքին կանոններով:
3. Պետական ծառայողների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, եթե սույն օրենքով և այլ իրավական ակտերով այդ հարաբերությունները կարգավորող առանձնահատկություններ սահմանված չեն:
ՀՈԴՎԱԾ 35. ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ
1. Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենքով Պաշտպանին վերապահված լիազորությունների իրականացումն ապահովելու նպատակով իրականացվող մասնագիտական գործունեություն է: Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական ծառայության հատուկ տեսակ է:
2. Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայություն չի համարվում Պաշտպանի ներգրաված փորձագետների, մասնագետների և տեխնիկական սպասարկման և պայմանագրային հիմունքներով առանձին այլ խնդիրներ ու գործառույթներ իրականացնող անձանց գործունեությունը:
3. Պետական ծառայողներին շնորհվում են հետևյալ դասային աստիճանները.
1) բարձրագույն պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողներին` Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության 1-ին և 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճաններ.
2) գլխավոր պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողներին` Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության 1-ին և 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճաններ.
3) առաջատար պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողներին` Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության 1-ին և 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճաններ.
4) կրտսեր պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողներին` Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության 1-ին և 2-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճաններ:
4. Բոլոր պետական ծառայողներին Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության դասային աստիճանները շնորհում, դասային աստիճանն իջեցնում, ինչպես նաև դասային աստիճանից զրկում է Պաշտպանը:
ՀՈԴՎԱԾ 36. ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
1. Պաշտպանի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որի լիազորություններն իրականացնում է աշխատակազմի քարտուղարությունը:
2. Պաշտպանի աշխատակազմն ապահովում է Պաշտպանի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենքով վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունը:
3. Պաշտպանի աշխատակազմը կազմված է երկու դեպարտամենտից, կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանումից, քարտուղարությունից, մարզային և Պաշտպանի որոշմամբ ստեղծվող այլ ստորաբաժանումներից, ինչպես նաև Պաշտպանի խորհրդականներից, օգնականներից և մամուլի քարտուղարից: Դեպարտամենտները, կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանումը և մարզային ստորաբաժանումները հանդիսանում են Պաշտպանի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումներ:
4. Պաշտպանի որոշմամբ Պաշտպանի աշխատակազմում պաշտոն զբաղեցնող անձինք կարող են հանդես գալ որպես Պաշտպանի ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում և Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում:
ՀՈԴՎԱԾ 37. ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Քարտուղարությունը բաղկացած է քարտուղարության ղեկավարից, պետական ծառայողներից, ինչպես նաև տեխնիկական սպասարկում իրականացնող անձանցից:
2. Քարտուղարության կառուցվածքում ներառվում են օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված նրա կառուցվածքային ստորաբաժանումները:
3. Քարտուղարության ղեկավարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Պաշտպանը:
4. Քարտուղարությունը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Պաշտպանի հաստատած կանոնադրության հիման վրա:
5. Քարտուղարությունն իր իրավասության սահմաններում կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Քարտուղարությունն աջակցում է Պաշտպանի, նրա աշխատակազմի ստորաբաժանումների, ինչպես նաև Պաշտպանի խորհրդականների, օգնականների և մամուլի քարտուղարի գործունեության լիարժեք և արդյունավետ իրականացմանը:
ՀՈԴՎԱԾ 38. ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ
1. Պաշտպանի լիազորությունների արդյունավետ և լիարժեք իրականացումն ապահովում են Պաշտպանի աշխատակազմի ստորաբաժանումները, որոնց միջև գործառույթների բաշխումը կատարում է Պաշտպանը:
2. Պաշտպանի աշխատակազմի ստորաբաժանումները գործում են Պաշտպանի անմիջական ենթակայությամբ:
3. Պաշտպանի աշխատակազմի ստորաբաժանումների կանոնադրություններն ու կառուցվածքները հաստատում է Պաշտպանը:
4. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորումներում Պաշտպանի որոշմամբ ստեղծվում են Պաշտպանի աշխատակազմի մարզային ստորաբաժանումներ:
ՀՈԴՎԱԾ 39. ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
1. Պաշտպանի աշխատակազմի ստորաբաժանումների և քարտուղարության կառավարումն իրականացնում է Պաշտպանը: Պաշտպանը`
1) ղեկավարում, համակարգում և վերահսկում է Պաշտպանի աշխատակազմի ստորաբաժանումների ընթացիկ գործունեությունը, ապահովում է դրանց առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացումը.
2) արձակում է պարտադիր կատարման ենթակա հրամաններ, հանձնարարականներ, ընդունում որոշումներ.
3) հաստատում և փոփոխում է Պաշտպանի աշխատակազմի աշխատողների քանակը և հաստիքացուցակը.
4) հաստատում է Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անվանացանկը և պետական ծառայողների պաշտոնների անձնագրերը.
5) նշանակում և պաշտոնից ազատում է պետական ծառայողներին և Պաշտպանի աշխատակազմում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
6) սահմանում է պետական ծառայողների վերապատրաստման, գործունեության գնահատման կարգը, չափանիշները և բնութագրի ձևը, պետական ծառայողների վարքագծի կանոնները, ծառայողական քննություն անցկացնելու, գործավարության (փաստաթղթաշրջանառության), պետական ծառայողների անձնական գործերը վարելու կարգերը.
7) սահմանում է Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման համար մրցույթի անցկացման կարգը, մրցութային հանձնաժողովների ձևավորման կարգը, ինչպես նաև դրանց աշխատակարգը.
8) պետական ծառայողներին և Պաշտպանի աշխատակազմում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց իր որոշմամբ գործուղում կամ տրամադրում է արձակուրդ.
9) տալիս է Պաշտպանի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով.
10) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
2. Քարտուղարության ղեկավարումն իրականացնում է քարտուղարության ղեկավարը: Քարտուղարության ղեկավարը`
1) օժանդակում է կադրային քաղաքականության, ֆինանսաբյուջետային, նյութատեխնիկական ապահովմանն ուղղված աշխատանքներին.
2) նշանակում և պաշտոնից ազատում է քարտուղարության տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
3) ապահովում է Պաշտպանի աշխատակազմի գործունեության վերլուծությունը և ամփոփումը.
4) իրականացնում է Պաշտպանին հասցեագրված բողոքների ընդունման և հաշվառման, դրանց ժամկետների պահպանման հետ կապված աշխատանքները.
5) վարում է աշխատակազմում պաշտոն զբաղեցնող անձանց անձնական գործերը.
6) ապահովում է համացանցում Պաշտպանի պաշտոնական կայքի աշխատանքները.
7) ապահովում է Պաշտպանի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի, ինչպես նաև պետական ծառայողների վերապատրաստման և գործուղման համար անհրաժեշտ կազմակերպական աշխատանքների իրականացումը.
8) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
3. Պաշտպանի աշխատակազմի ստորաբաժանման ղեկավարումն իրականացնում է ստորաբաժանման ղեկավարը: Ստորաբաժանման ղեկավարը`
1) ապահովում է ստորաբաժանման նպատակներից և խնդիրներից բխող գործառույթների իրականացումը.
2) համակարգում է իր պատասխանատվության ներքո գտնվող բնագավառներում անհրաժեշտ աշխատանքների իրականացումը.
3) իր պատասխանատվության ոլորտներում վերահսկողություն է իրականացնում Պաշտպանի հանձնարարականների կատարման նկատմամբ, արդյունքների մասին հաշվետվություն է ներկայացնում Պաշտպանին.
4) Պաշտպանի հաստատած կարգով ապահովում է ստորաբաժանման պատասխանատվության ոլորտին առնչվող փաստաթղթաշրջանառությունը.
5) իր իրավասության սահմաններում համագործակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
6) հանդիսանում է Պաշտպանի ներկայացուցիչը այլ մարմինների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ հարաբերություններում.
7) սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով փոխարինում է Պաշտպանին.
8) սույն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` իրականացնում է Պաշտպանի պատվիրակած լիազորությունները.
9) իրականացնում է սույն օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
ՀՈԴՎԱԾ 40. ՊԱՇՏՊԱՆԻ ԵՎ ՆՐԱ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Պաշտպանի, նրա աշխատակազմում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց և պետական ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: