Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենք

ԳԼՈՒԽ 3. ՊԱՇՏՊԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

ՀՈԴՎԱԾ 12. ՊԱՇՏՊԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Պաշտպանի պաշտոնում կարող է ընտրվել 25 տարին լրացած, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող, բարձրագույն կրթություն ունեցող, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող, ինչպես նաև հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

2. Պաշտպանին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:

3. Պաշտպանն իր պաշտոնն ստանձնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվելուց անմիջապես հետո Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում պատգամավորների ներկայությամբ տված հետևյալ երդմամբ.

«Ստանձնելով մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը` երդվում եմ, հավատարիմ լինելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին, արդարության սկզբունքներին` պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները: Երդվում եմ, որ լիազորություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ և ջանասիրությամբ»:

4. Պաշտպանն իր պարտականությունների կատարմանն անցնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում իր երդման արարողությունից հետո` նախորդ Պաշտպանի պաշտոնավարման ժամկետի ավարտման հաջորդ օրը: Եթե Պաշտպանի ընտրվելու պահին Պաշտպանի պաշտոնը թափուր է, ապա Պաշտպանն իր պարտականությունների կատարմանն անցնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում երդման արարողությանը հաջորդող օրվանից:

5. Պաշտպանի ընտրություններն անցկացվում են «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով նախատեսված ժամկետներում:

 

ՀՈԴՎԱԾ 13. ՊԱՇՏՊԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵԼԸ

 

1. Պաշտպանի լիազորությունները դադարում են նրա լիազորությունների ժամկետն ավարտվելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու, նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրա մահվան, հրաժարականի դեպքերում:

2. Հրաժարականի դեպքում Պաշտպանի լիազորությունները դադարում են, եթե Պաշտպանի կողմից հրաժարականի դիմումը ներկայացնելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում կրկին հրաժարականի դիմում է ներկայացվում: Հրաժարականի հիմքով Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում Պաշտպանը հրապարակում և Ազգային ժողով է ներկայացնում իր հերթական տարեկան հաղորդումը ներկայացվելուց հետո մինչև հրաժարականի դիմում ներկայացնելն ընկած ժամանակահատվածում իրականացված գործունեության վերաբերյալ ամփոփ հաղորդում:

3. Պաշտպանի լիազորությունների ժամկետն ավարտված է համարվում նրա` պաշտոնի ստանձնմանը հաջորդող վեցերորդ տարվա նույն օրը:

4. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում, բացառությամբ լիազորությունների ժամկետն ավարտվելու հիմքի, համապատասխան տեղեկությունն ստանալու պահից հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան հաջորդ օրը պաշտոնական հաղորդագրություն է հրապարակում Պաշտպանի լիազորությունները վաղաժամկետ դադարելու մասին: Հրաժարականի դեպքում սույն մասում նշված հաղորդագրությունը հրապարակվում է Պաշտպանի կողմից կրկին հրաժարականի դիմում ներկայացվելուց հետո:

5. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով Պաշտպանի լիազորությունները դադարելու դեպքում, բացառությամբ ժամկետն ավարտվելու հիմքով Պաշտպանի լիազորությունների դադարման դեպքի, Պաշտպանի ընտրությունն անցկացվում է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով հաղորդագրության հրապարակման օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում:

 

ՀՈԴՎԱԾ 14. ՊԱՇՏՊԱՆԻՆ ՓՈԽԱՐԻՆԵԼԸ

 

1. Պաշտպանի ժամանակավոր բացակայության ընթացքում, այդ թվում` արձակուրդում գտնվելու, գործուղման կամ լիազորությունների դադարման դեպքերում նրա որոշմամբ իրեն փոխարինում է Պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտների հայեցողական պաշտոն զբաղեցնող ղեկավարներից մեկը:

2. Պաշտպանին փոխարինելու մասին որոշման անհնարինության կամ հրաժարականի դեպքում Պաշտպանին ժամանակավորապես փոխարինում է Պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի տարիքով ավագ ղեկավարը:

3. Պաշտպանի բացակայության ժամանակահատվածում նրան փոխարինող դեպարտամենտի ղեկավարն իրականացնում է Պաշտպանին սույն օրենքով վերապահված լիազորությունները, բացառությամբ սույն օրենքի 26-րդ, 28-րդ հոդվածի 5-7-րդ մասերով, 29-րդ հոդվածի 1-4-րդ մասերով, 31-33-րդ հոդվածներով, 35-րդ հոդվածի 4-րդ մասով, 36-րդ հոդվածի 4-րդ մասով, 37-րդ հոդվածի 3-րդ մասով, 39-րդ հոդվածի 1-ին մասի 3-7-րդ և 9-րդ կետերով սահմանված լիազորությունների: