Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենք

ԳԼՈՒԽ 6. ՊԱՇՏՊԱՆԻ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ ԵՎ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ, ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ՀՈԴՎԱԾ 31. ՊԱՇՏՊԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆ ՈՒ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ

 

1. Յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Պաշտպանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում տարեկան հաղորդում` նախորդ տարվա իր գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Պաշտպանի կողմից տարեկան հաղորդման ներկայացման կարգն ու ժամկետները սահմանվում են «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով:

2. Պաշտպանի տարեկան հաղորդման կառուցվածքը, դրանում ներառված հարցերի շրջանակը, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին ներկայացված առաջարկների արտահայտման ձևը որոշում է Պաշտպանը: Պաշտպանը հաղորդումը ներկայացնում է նաև պետական իրավասու մարմիններին և հասարակական կազմակերպություններին և հրապարակում նաև զանգվածային լրատվության միջոցներով:

3. Հասարակական հնչեղություն ունեցող առանձին հարցերի կամ մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեպքերում Պաշտպանը կարող է հանդես գալ նաև արտահերթ հրապարակային զեկույցներով կամ հաղորդումներով, որոնք կարող են պարունակել ոչ միայն իրավունքների խախտման մասին դեպքեր և փաստեր, այլև մարդու իրավունքներին և ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանն ուղղված առաջարկներ:

4. Պաշտպանն ապահովում է հաղորդումների և զեկույցների հրապարակայնությունը:

5. Պաշտպանը` որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում հրապարակում է առանձին զեկույց նախորդ տարվա գործունեության վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 32. ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

 

1. Պաշտպանն իրավունք ունի ներկա լինելու Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերին և ելույթ ունենալու Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգին համապատասխան, ինչպես նաև ներկա լինելու և ելույթ ունենալու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների նիստերին` այդ մարմիններում նիստերի իրականացման սահմանված կարգերին համապատասխան, եթե քննարկվում են մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող հարցեր:

2. Պաշտպանն իր կարգավիճակով չի կարող ելույթ ունենալ դատական նիստերի ընթացքում: Պաշտպանը կամ նրա ներկայացուցիչը կարող է դիտարկման նպատակով ներկա լինել դռնբաց դատական նիստերին:

3. Պաշտպանն իրավունք ունի ներկա լինելու նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերին, ելույթ ունենալու «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով, երբ քննարկվում են մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող հարցեր:

 

ՀՈԴՎԱԾ 33. ՊԱՇՏՊԱՆԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

1. Պաշտպանը կարող է ստեղծել իրեն առընթեր խորհուրդներ` կազմված մարդու իրավունքների բնագավառում անհրաժեշտ փորձ և գիտելիքներ ունեցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից և անկախ մասնագետներից:

2. Խորհրդի անդամներին հրավիրում է Պաշտպանը:

3. Խորհրդի կազմավորման և գործունեության կարգը սահմանում է Պաշտպանը: